Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ երկրում յուրաքանչյուր չորրորդ մահը պայմանավորված է COVID-19-ով
Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով հոկտեմբերի 30-ից մտցված մեկուսացման ռեժիմը կշարունակվի առնվազն երկու շաբաթ, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
Վարչապետը նշել է, որ երկրում հոսպիտալացումների թիվը գերազանցում է գարնան ցուցանիշները, իսկ մահվան դեպքերի քառորդ մասի պատճառը կապված է կորոնավիրուսի հետ:
«Անպատասխանատվություն կլինի այժմ թուլացնել լոքդաունը: Այն ձեռքբերումները, որոնք մենք տեսնում ենք, փխրուն են»,- ասել է նա մամուլի ասուլիսում:
Միևնույն ժամանակ, եթե հիվանդության դեպքերի աճի դանդաղումը շարունակվի, ապա հաջորդ շաբաթվա սկզբին երկիրը կանցնի հիվանդության պիկը, ասել է Կաստեքսը: Այնուամենայնիվ, նա չի բացառել իրավիճակի վատթարացման դեպքում սահմանափակող միջոցների հետագա խստացումը:
Նա հավելել է, որ եթե պայմանները թույլ տան, իշխանությունները Սուրբ Ծննդյան տոնին կմեղմեն սահմանափակումները: