Վարչապետի աշխատակազմը գույքի վնասումից հետո վաղվանից կվերսկսի աշխատանքն ամբողջ ծավալով
Նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։ Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշել է Աղաջանյանը։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարության ստորագրումից հետո գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ էին հավաքվել։ Նրանք մտել էին գործադիր և օրենսդիր իշխանությունների շենքերի ներս և ջարդուփշուր արել գույքը: Վարչապետի կեցավայրից էլ գողացել էին համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։