Թուրքիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռուսական S-400-ների եւ ամերիկյան F-35-երի համատեղելիության հարցերը
Թուրքիան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ քննարկել իրենց հուզող ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) եւ ամերիկյան F-35 կործանիչների տեխնիկական համատեղելիության հարցերը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ քննարկել S-400 եւ F-35 տեխնիկական համատեղելիության հետ կապված նրանց ցանկացած մտահոգություն: Այս առումով համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մեր առաջարկը դեռ արդիական է»,- նախարարին մեջբերում է CNN Turk հեռուստաալիքը:
Աքարը հավելել է, որ Թուրքիան «ոչ թե պարզապեց F-35 ծրագրի հաճախորդ է, այլ նաեւ` գործընկեր», իսկ Անկարայի համար F-35-ի անվտանգությունը նույնքան կարեւոր է, որքան ԱՄՆ-ի համար»:
Ռուսաստանը եւ Թուրքիան 2017-ին պայմանագիր էին կնքել Մոսկվայի կողմից Անկարային S-400 համալիրների մատակարարման մասին: Անկարայի որոշումը կտրուկ բացասական արձագանք էր առաջացրել ԱՄՆ-ի եւ ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի կողմից: ԱՄՆ-ն չի դադարում փորձել ստիպել Թուրքիային հրաժարվել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերից, իսկ թուրքական կողմն առաջարկում է կառուցողականորեն քննարկել խնդիրը: Քանի որ Թուրքիան ճնշումներին տուրք չի տալիս եւ չի ազատվում S-400-ից` Վաշինգտոնն Անկարան բացառել է ամերիկյան F-35-ի արտադրության ծրագրից: