Արցախում զոհված դարպասապահ և ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր․ Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում (Լուսանկարներ)
Իմ որդին հաղթել է եւ հաղթանակած գնացել, հերոսաբար կռվել է եւ կյանքը նվիրել հայրենիքի պաշտպանությանը: Երանի նրան ու մյուս նահատակներին, որ չեն տեսնում՝ ինչ է կատարվում: Նրանք բոլորը հաղթել են:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված ֆուտբոլիստ, ռեժիսոր Գագիկ Աբրահամյանի մայր Ռիտա Դավթյանը:
Արցախյան պատերազմում նահատակված 19-ամյա Գագիկ Աբրահամյանը Երեւանից էր, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սան, դարպասապահ, Երեւանի N1 պետական քոլեջի ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ էր: Ուսմանն ու մարզումներին զուգահեռ աշխատել է որպես խոհարար:
Գագիկ Աբրահամյանի մայրը՝ Ռիտա Դավթյանը նշում է, որ որդին ընտրած երկու ուղղություններում էլ հաջողություններ է ունեցել եւ պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո, երկուսով էլ մասնագիտանալու նպատակ ուներ:
Գագիկ Աբրահամյանն Իջեւանում է անցել պարտադիր զինծառայությունը: Իր ցանկությամբ եւ դիմումի համաձայն է տեղափոխվել Արցախ, երբ սկսվել է պատերազմը: Զոհվել է ռազմի դաշտում ԱԹՍ-ի հարվածից հրամանատարին փրկելիս:
«Գագիկը ժպտերես, էմոցիոնալ, բռնկուն տղա էր: Միշտ ժպիտը երեսին էր: Ամեն ինչ սիրում էր իր վրա վերցնել, ինքը աներ, խնդիրներն ինքը լուծեր: Անսահման հայրենասեր էր: Միշտ ձգտել է ծառայել Արցախում, չգիտեմ՝ ինչու: Միշտ ասում էր, որ պետք է պաշտպանի իր հայրենիքը: Հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերի ժամանակ դիրքերում էր, մասնակցել է: 2019 թվականի հուլիսին զորակոչվեց: 6 ամիս Լուսակերտում ծառայելուց հետո պատահականությամբ ընկավ Իջեւան. այն նույն զորամասը, որտեղ իր պապիկը հրամանատար է եղել: Ծառայության ժամանակ դիմում է գրել, որպեսզի իրեն տեղափոխեն Արցախ: Դիմումը նախքան պատերազմը սկսելն էր գրել: Հոկտեմբերի 1-ից տեղափոխվել էր: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ից լույս 28-ի գիշերը Մարտակերտում: ԱԹՍ-ն հարվածել է իրենց հրամկազմի խրամատին: Այդ ձայնի վրա վազել է, որ հրամանատարին օգնի, որը վիրավոր է եղել: Քաշել է խրամատ, երկրորդ հարվածն է եղել: Իր հետ միասին զոհվել են եւս չորս զինվոր ու հրամանատարը: Դեպքի պահին երեք հոգու ասել է՝ գնացեք, շատ ենք այստեղ ու այդ զինվորները ողջ են մնացել: Այդ մասին պատմել է իր դասընկերը, որն իր հետ միասին խրամատում է եղել:
Այդ 28 օրերին էլ, երբ իմացա՝ տեղափոխվել է Արցախ, շատ անհանգիստ էի: Պարբերաբար զրուցում էինք հեռախոսով, բայց այնքան կարճ էին այդ զրույցները, վայրկյաններ: Եթե իմանայի այսպես է լինելու, ավելի երկար կզրուցեի տղայիս հետ: 28 օրերը եկեղեցիներում եմ անցկացրել: Ցանկացած մայր էլ չի ուզում դրան հավատալ: Հավատալու չի: Հիմա էլ չեմ հավատում»,- ասում է Ռիտա Դավթյանը:
Գագիկ Աբրահամյանը ապագա ռեժիսոր էր, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ մի քանի մարզում է հասցրել անցկացնել «Փյունիկի» գլխավոր թիմի հետ: Ըստ Ռիտա Դավթյանի, ծառայությունից հետո որոշել էր երկու ուղղություններով էլ մասնագիտանալ:
«Գագիկն ավարտել է Երեւանի Լեւ Տոլստոյի անվան դպրոցը: Ավագ դպրոց չգնաց: Սովորեց Երեւանի N1 պետական քոլեցի ռեժիսուրայի բաժնում: Բարձր գնահատականներով էր սովորում, շատ էր սիրում իր մասնագիտությունը: Պլանավորել էր հետ գալ, ընդունվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ռեժիսուրայի բաժին: Ամեն ինչ ծրագրած էր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: