Ռուսաստանում և Հայաստանում կթեստավորեն ԵՏՄ-ի համար կորոնավիրուսի ստուգման համակարգը
Դեկտեմբերին Ռուսաստանում և Հայաստանում կսկսվի «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» փորձնական նախագիծը՝ թվային փաստաթղթի նմանօրինակ, որը հաստատում է այն ներկայացնողի կորոնավիրուսով հիվանդ չլինելը։ Այն մշակել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների ֆոնդը։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Երկու երկրների միջեւ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները կարող են կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել հավաստագրված լաբորատորիայում․ արդյունքն արտացոլվելու է համակարգում եւ բջջային հավելվածում ու հաստատված է համարվում մյուս երկրում։
«Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում «ստուգված» տեղեկությունը չի կարող կեղծվել, քանի որ գեներացվելու է վստահելի լաբորատորիաների կողմից, որոնց որոշում են ազգային լիազորված մարմինները։
«Հաշվարկելիս, երբ հնարավոր կլինի տեսնել օգտատիրոջ մասին չանձնավորված տեղեկությունը, բավարար է թեստի արդյունքների հաստատման համար»,- աշխատանքի սկզբունքն է պարզաբանել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ համանման փորձնական նախագծերի գործարկումը քննարկվում է նաեւ ԵՏՄ-ի մեջ մտնող մյուս երկրների հետ (բացի Ռուսաստանից ու Հայաստանից, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի)։
Համակարգի ստեղծման համար ներդրումների գումարը, ինչպես նաեւ դրա աղբյուրը չի հրապարակվում։ Չի ստեղծվելու տվյալների միասնական բազա, նախատեսվում է, որ հավելվածը ինտեգրվելու է ազգային տեղեկատվական ծառայություններին եւ օգտագործելու է տվյալների տեղաբաշխված բազաների կառուցվածքը, ուստի տվյալների բազայի օպերատորի ընտրություն չի պահանջվում, պարզաբանել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչը։