Ոստիկանությունը արցունքաբեր գազով փորձել է ցրել Վարշավայում ազգայնականների երթը
Վարշավայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Լեհաստանի անկախության վերականգնման 102-րդ տարեդարձի կապակցությամբ ազգայնական երթի մասնակիցների դեմ: Ամեն տարի նոյեմբերի 11-ին Վարշավայում մարդիկ երթ են անցկացնում՝ ի պատիվ 1918 թ Լեհաստանի անկախության ձեռքբերման։Այս անգամ իշխանությունները արգելել են բազմամարդ երթը կորոնավիրուսի համավարակի պատճառով, բայց ազգայնական և ծայրահեղ աջ կազմակերպությունները անտեսել են պահանջները և իրենց կողմնակիցներին փողոց են դուրս հանել:
Այսպես, Վարշավայի Ազգային թանգարանի մերձակայքում անվտանգության ուժերը արգելափակել են տասնյակ հազարավոր ցուցարարների տեղաշարժը և նրանց ցրվելու կոչ են արել: Երթի մասնակիցներն իրենց հերթին սկսել են ոստիկանների ուղղությամբ քարեր նետել: Իրավապահները արցունքաբեր գազ են օգտագործել, բայց դա չի խանգարել շարասյանը: Այժմ ցուցարարները շարունակում են շարժվել քաղաքում՝ դեպի Ազգային մարզադաշտ: