Ասադ. Սիրիայում փախստականների խնդիրն արհեստական է
Սիրիայում փախստականների խնդիրն արհեստական է, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը խնդիրներ է ստեղծել նրանց վերադարձի համար: Այս մասին Սիրիայի փախստականների վերադարձի հարցով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Սիրիայում փախստականների խնդիրն արհեստական է, քանի որ Սիրիայում դարեր շարունակ բացակայել է զանգվածային իմիգրացիայի ֆենոմենը»,-ասել է նա:
Ասադի խոսքով՝ «ամերիկյան ռեժիմի գլխավորությամբ արեւմտյան ռեժիմները շարունակում են պայմաններ ստեղծել սիրիացի փախստականների ֆենոմեն առաջացնելու համար եւ խնդիրներ նրանց վերադարձի համար»:
Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Այս պահին օրակարգի առաջին հարցն է քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը: