Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը համապատասխանում է Իրանի նախաձեռնությանը
Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը համապատասխանում է Իրանի նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է IPF News-ը:
Նրա խոսքով՝ Թեհրանի առաջարկները մեծամասամբ նպաստել են հրադադարի ռեժիմի հաստատմանը: «Բարեբախտաբար, սկզբունքներն ու շրջանակները, որոնք մենք սահմանել էինք հրադադարի ռեժիմի եւ բանակցությունների սկզբի համար, հավանություն են ստացել, եւ Ռուսաստանի միջնորդությամբ համաձայնությունը, որը, ի վերջո, ձեռք է բերվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկու օր առաջ, փաստացի Իրանի կողմից առաջադրված սկզբունքների եւ առաջարկների շրջանակում է եղել»,-ասել է նա:
«Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, որը ծավալվել է Իրանի հյուսիսային սահմանների մոտ, մեզ մոտ լուրջ մտահոգություն է առաջացրել: Հակամարտությունը մտահոգության առիթ էր տվել: Որոշ դեպքերում այն վնաս էր հասցնում մեր սահմաններին: Կային նաեւ այլ մտավախություններ, որոնք անհրաժեշտ էին դարձնում դրա շուտափույթ դադարեցումը»,-նշել է նա:
Պաշտոնյան նշել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի Բաքվի եւ Երեւանի հետ: «Պատերազմը, որը ծավալվել է մեր երկու հարեւանների միջեւ, որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք, անկասկած, ցավալի իրադարձություն էր: Անհրաժեշտություն կար, որպեսզի Իրանն իր դերն ունենա այդ հակամարտության դադարեցման կամ թուլացման գործում»,-պարզաբանել է նա:
«Մենք առաջարկներ ենք արել բոլոր կողմերի հետ խորհրդակցություններից հետո, ապա ինձ հանձնարարվել է ներկայացնել այդ առաջարկն ու փորձել կոնսենսուսի հասնել տարածաշրջան իմ այցի ժամանակ: Մենք նաեւ ձգտել ենք այդ երկրներին հայտնել մտավախությունների մասին, որն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը»,-ասել է Արաղչին:
Նա զգուշացրել է, որ ահաբեկիչները չպետք է տեղակայվեն Իրանի հյուսիսարեւմտյան սահմանների մոտ: Նրա խոսքով՝ Իրանն անկախ կգործի, եթե այդ սպառնալիքը պահպանվի:
Վկայակոչելով ղարաբաղյան հակամարտության մեջ իսրայելական ռեժիմի կասկածելի դերը՝ Արաղչին ասել է, որ Իրանը երկու կողմերին զգուշացրել է տարածաշրջանում հարատեւ ճգնաժամ եւ լարվածություն ստեղծելու Իսրայելի ջանքերի մասին: Նա հավելել է, որ Իրանն ընդհանրապես չի հանդուրժի իր սահմանների մոտ թաքֆիրի ահաբեկչական խմբավորումների ներկայությունը, հաղորդում է Mehr-ը:
Նա նշել է, որ կողմերն Իրանին վստահեցրել են, որ ահաբեկիչների ներկայությունը մշտական չի լինի: Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանն այդ խմբավորումների դեմ ինքնուրույն կգործի: