Պատգամավորների ձերբակալությունից հաշված րոպեներ հետո Ազատության հրապարակը դարձավ բազմամարդ, իրավիճակը խիստ լարված է
Լարված իրավիճակ է Ազատության հրապարակում, որտեղ ոստիկանությունը բռնի ուժով բերման է ենթարկում հավաքվածներին: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, որեւէ հիմնավորում չեն տվել ու ԲՀԿ պատգամավորները չգիտեն, թե ինչ պատճառաբանությամբ են տարել ԱԱԾ: 17 կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք ավելի վաղ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ազատության հրապարակում են: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին բռնի ուժով հեռացրեցին Ազատության հրապարակից, բայց նա այս պահին նորից հրապարակում է: ՀՅԴ-ական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին բռնի ուժով, ձեռք ու ոտքից բռնած բերման ենթարկեցին: ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանին փորձեցին բռնի ուժով հեռացնել: Իվետա Տոնոյանը հունից դուրս եկավ՝ «Հրա՛նտն է Մադաթյան, առաջնագծից է գալիս, 40 օր առաջնագծում է եղել»: