«Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում այդ հարցը». Աննա Նաղդալյան
Նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք է բերվել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնություն: Երեք օր շարունակ այս համաձայնության վերաբերյալ մանրամասների հղումները տրվում էին միայն ռուսական պաշտոնական կառույցներին, իսկ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը խորհրդավոր լռություն էր պահպանում:
168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից՝ մասնավորապես նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չհնչեց ՀՀ ԱԳ նախարարությունից. կմեկնաբանե՞ք` ինչու, և հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղյակ չի եղել վարչապետի որոշման մասին՝ ինչպես որ տեղյակ չէր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ի պատասխան՝ Աննա Նաղդալյանը եղավ հակիրճ. «Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանում այդ հարցը»: