«Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝ որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում և չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ միջազգային պայմանագիրը` Հայաստանի Հանրապետության և պայմանավորվող մյուս կողմի (կողմերի) միջև մեկ փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով գրավոր ձևակերպված և միջազգային հանրային իրավունքով կարգավորվող համաձայնություն է՝ անկախ դրա անվանումից.
Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ՀՀ վարչապետն ունի միջազգային պայմանագիրն առանց լիազորագրի ստորագրելու իրավասություն:
Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը, որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ:
Թեև ՀՀ վարչապետի, Արդբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված փաստաթուղթն իրենց իսկ կողմից անվանվել է որպես հայտարարություն, սակայն «՛Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի 1-ին ենթակետի իմաստով այն հանդիսանում է որպես ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ, հետևաբար՝ ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, որը վերը նշված իրավանորմերի համատեքստում միանշանակորեն կրում է քաղաքական ու ռազմական բնույթ:
Ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային Ժողովի կողմից, քանի որ հանդիսանում է միջազգային պայմանագիր:
Ավելի՛ն, ՀՀ Ազգային ժողովը ՀՀ սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կարող է ոչ միայն վավերացնել, այլև ԿԱՍԵՑՆԵԼ կամ ՉԵՂՅԱԼ հայտարարել նշված միջազգային պայմանագիրը:
Իսկ եթե կներկայացվի հիմնավորում կամ պատճառաբանություն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը միջազգային պայմանագիր չէ, այդ դեպքում պետք է հիմնավորվի, թե ՀՀ վարչապետն կոնկրետ իր ո՞ր իրավասությամբ է առաջնորդվել այդպիսի փաստաթուղթ ստորագրելիս, քանի որ ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Ավելի՛ն, պետք է հանրությանը հիմնավորվի, թե այդ փաստաթուղթն ի՞նչ կարգավիճակ ունի, եթե միջազգային պայմանագիր չէ»: