Զինված ուժերը այս իրավիճակից դուրս են գալիս ուժեղ, բավականին փորձված. Դավիթ Տոնոյան
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են: Այս մասին Դավիթ Տոնոյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Շատ արագ տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղարար ուժերը: Տեղակայումը իրականացվում է Հայաստանից՝ Գորիսով, Լաչինով դեպի Ստեփանակերտ, որից հետո արդեն խաղաղարար ուժերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի սահմանների և շփման գծի երկայնքով»,- ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե շատերը ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության տակ ստորագրելը համարեցին որպես դավաճանություն, պարտություն՝ Տոնոյանն ասաց.
«Ես, իհարկե, վիրավորական եմ դիտարկում այդպիսի պիտակավորումները, որովհետև զինված ուժերը՝ պաշպանության նախարարությունը իր ամբողջ զինվորական և քաղաքացիական համակարգով, զորահավաքային ռեսուրսը, կառավարությունը, սփյուռքը արել է առավելագույնը, որպեսզի կարողանանք հաջողության հասնել: Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ մենք սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման առումով եղել ենք տոտալ շրջափակման մեջ: Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման և մարտական և սպառազինության տեխնիկայի ապահովման, ռազմական գործողությունների տեսանկյունից կարելի է հերոսամարտ անվանել, արվել է անհնարինը: Զինված ուժերը՝ սկսած ժամկետային զինծառայողներից, մեր հերոս երիտասարդներից, մինչև գեներալներ, մոբիլիզացիոն ռեսուրսը կատարել են առավելագույն հնարավորը: Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի, Ադրբեջանի զինված ուժերին՝ գերսպառազինված: Եվ եթե ինձ կարող են հարցնել՝ ինչո՞ւ դուք սպառազինված չեք եղել, սպառազինված ենք եղել, բայց քանակական առումով և ռեսուրսների առումով, ես կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի հնարավորություններն անհամեմատելի են: Բացահայտ աջակցություն է եղել Թուրքիայի կողմից ինչպես մարդկային ռեսուրսի, այնպես էլ սպառազինության տեսանկյունից և հրամանատարական կազմի, փորձագետների, հրահանգիչների, կառավարիչների, մեծաքանակ վարձկան-ահաբեկիչների առումով: Դա բավականին մեծ ուժ է եղել, որին դիմակայել է մեր բանակը, մեր պաշտպանական բանակը և պատվով է դուրս եղել»: