Ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են ԼՂ
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուլյանովսկ շրջանից ռուս խաղաղապահներ տեղափոխող 11-րդ և 12-րդ ինքնաթիռները մեկնել են Լեռնայի Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ռուս խաղաղապահներ տեղափոխող տասնմեկերորդ և տասներկուերորդ ԻԼ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռները թռիչք են իրականացրել «Ուլյանովսկ-Վոստոչնի» օդանավակայանից: Օդանավում խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմ, նյութական միջոցներ և զրահամեքենաներ են»,- նշվում է զեկույցում:
ՌԴ ՊՆ-ում շեշտել են, որ ընդհանուր առմամբ խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղ է մեկնելու 1960 զինծառայող, ինչպես նաև 90 զրահափոխադրիչ ու 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: