«Առաջիկայում կհրապարակվի ԼՂ-ի վերաբերյալ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի բուն հայտարարությունը, որը կտարածվի միջազգային հարթակներում». Զախարովա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին մոտ ժամանակներում կհրապարակվի և կտարածվի նաև միջազգային հարթակներում։
Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 10-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում։
«Տեսել եմ, որ համացանցում արդեն տարածվում են տեքստերը։ Դրանք մոտ են իրականությանը, սակայն դրանց լիարժեք իսկությունը ես չեմ կարող հաստատել։ Առաջիկայում բուն հայտարարությունը կհրապարակվի։ Հհրապարակի և կտարածվի միջազգային հարթակներում», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ քննարկում էր ունեցել, ինչը պաշտոնապես հաստատել է ՌԴ արտգործնախարարությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: