Պետդումայում հայտարարել են, որ խաղաղապահների մուտքը ԼՂ ծայրահեղ միջոց էր
Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ծայրահեղ միջոց դարձավ այն պատճառով, որ կողմերը չէին կարողանում պայմանավորվել մարտերը դադարեցնելու շուրջ: Նման կարծիք ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Կարծում եմ, իհարկե, ոչ ոք չի ուզում ռիսկի ենթարկել իր ժողովրդին, իր քաղաքացիներին: Այս պարագայում մենք դրան գնացինք բացահայտ անհրաժեշտությունից ելնելով, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը չէին կարողանում պայմանավորվել»,-ասել է պատգամավորը:
Կալաշնիկովը ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմը ներդրվում է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ:
«Քանի որ հակառակ դեպքում մենք երկու կողմից էլ որոշակի սադրանքներ կտեսնեինք: Հիմա որոշվելու է (սահմանազատման) այդ գիծը, քիչ թե շատ ինչ-որ հարաբերություններ կկառուցվեն զինադադարի վրա, այն հիմքով, թե ինչպես դա վերահսկել: Բայց դա ավելի լավ է, քան մարդկանց մահը», - շեշտել է խորհրդարանականը:
Կալաշնիկովը նաև նշել է, որ Փաշինյանը «անկարողությունից, անփորձությունից կամ ընտրական պատճառներից ելնելով» ավելի վաղ կատարել է քայլեր, որոնք ստիպել են Ադրբեջանին եզրակացնել, որ «Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններ չեն լինի»:
«Իհարկե, սա այժմ թուլացնում է Փաշինյանին, քանի որ նրա բոլոր գաղափարները, եթե այդպիսիք կային, ձախողվել են», - հավելել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա: