Պուտինի հայտարարությունը Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին․ Ամբողջական տեքստը (Տեսանյութ)
ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանական Հանրապետության նախագահ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրվել է հայտարարություն, որում հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ 2020թ. նոյեմբերի 10-ի 00 ժամ 00 րոպեից՝ Մոսկվայի ժամանակով։
Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը:
Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո:
Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց եւ մահացածների մարմինների փոխանակում:
Տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է, այդ թվում, Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների օժանդակությամբ:
Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ եւ լիարժեք լուծման համար` արդար հիմքերով եւ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով։