Ադրբեջանի կողմից անօդաչուներով Արցախին հասվող հարվածները պետք է անմիջապես դադարեցվեն. ԱՄՆ կոնգրեսական Դևին Նունյես
Ամերիկայի «Հայ դատի» հանձնաժողովը հայտնել է, որ աշխատում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Դևին Նունյեսի հետ՝ Թուրքիային անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը դադարեցնելու ուղղությամբ:
Կոնգրեսականը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից անօդաչուների հարվածների իրականացումը Լեռնային Ղարաբաղի դեմ պետք է անմիջապես դադարեցվի: Այդ հարձակումները խրախուսվում են Թուրքիայի կողմից: Այս պարագայում ԱՄՆ-ն պետք է հասկացնի Էրդողանին, որ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները չեն կարող օգտագործվել՝ հայերի դեմ այս ագրեսիվ պատերազմում»,- ասել է կոնգրեսականը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։