«Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությունը՝ գործողության մեջ
Թեեւ աշնանային արձակուրդներ են, սակայն Գեղարքունիքի մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակյության հետ կապերի բաժնից, աշակերտները միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը՝ իրենց մասնակցությունն ունենալով Արցախին եւ առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին:
Նախաձեռնությանն առաջինը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները: Արդեն մի քանի օր է, ինչ նրանք դպրոց են տեղափոխում հին գրքեր, օգտագործված տետրեր, թղթեր, ամսագրեր: Ինչպես նախատեսված է՝ հավաքված թուղթը հանձնվում է համապատասխան ծառայություն՝ վերամշակման նպատակով, իսկ դրա դիմաց վճարված գումարը երանոսցի դպրոցականները նախատեսել են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համայնքի բնակիչներին՝ միանալ նախաձեռնությանը եւ բնակարաններում առկա թղթերը հավաքել ու տեղափոխել դպրոց՝ մինչեւ նոյեմբերի 11-ը:
Վերջին օրերին «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը միացել են նաեւ Կարմիրգյուղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Նրանց ուժերով դպրոցում կուտակված թղթի ծավալն օր օրի ավելանում է»,- նշեցին Գեղարքունիքի մարզպետարանից: