ՀՀ ԱՆ. 2021 թվականին ՀՀ-ն նախատեսում է COVID-19-ի դեմ պատվաստանյութի 60000 դեղաչափ ձեռք բերել
Հայաստանը նախատեսում է 2021 թվականին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 60000 դեղաչափ ձեռք բերել: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ըստ նրա` բնակչության իմունիզացիայի ծրագրի շրջանակներում արդեն այս տարի ֆինանսավորումն ավելացել է, եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու համար 890 միլիոն դրամ կանխավճար է կատարվել:
Նախարարը նշել է, որ գնումը նախատեսվում է իրականացնել պատվաստանյութերի միասնական գնման եւ բաշխման միջազգային պլատֆորմի շրջանակներում, որը դեռ հաստատված չէ:
«Մասնակցությունն այս ծրագրին հնարավորություն կտա Հայաստանին պատվաստանյութ ձեռք բերել, որը կհաստատվի համաշխարհային մակարդակով եւ հասանելի կլինի նաեւ այլ երկրների համար»,- ասաց Թորոսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ նախատեսված 890 միլիոն դրամը միայն կանխավճար է` պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Հաջորդ տարի վճարները պետք է ավելացվեն, ինչը թույլ կտա իմունիզացնել Հայաստանի բնակչության 10 տոկոսին:
«Այս ցուցանիշն ընտրվել է, որպեսզի պատվաստանյութը հնարավոր լինի ձեռք բերել, այդ թվում, ուղիղ բանակցությունների միջոցով»,- պարզաբանեց նախարարը:
Նրա խոսքով`գնումը պլանավորված է 2021-ի երկրորդ եռամսյակի սկզբին, ենթադրաբար` ապրիլին: