Կրեմլը չի շտապում շնորհավորել. Ճիշտ ենք համարում սպասել ԱՄՆ ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը
Կրեմլը հույս ունի, որ կկարողանա երկխոսություն հաստատել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ եւ պայմանավորվել հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում` անվտանգության ոլորտում: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամեն դեպքում մենք հուսով ենք, որ կկարողանանք երկխոսություն հաստատել ԱՄՆ հաջորդ նախագահի հետ եւ միասին պայմանավորվել մեր երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղիների շուրջ,- ասել է Կրեմլի խոսնակը:- Առավել եւս, որ այդ երկկողմ հարաբերությունների մի զգալի մասը, նկատի ունեմ կայունության եւ անվտանգության համատեքստը, վերաբերում է ոչ միայն մեր երկու ժողովուրդներին, այլեւ` փաստացի ամբողջ աշխարհի ժողովուրդներին»:
Կրեմլը ճիշտ է համարում սպասել ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը` մինչ երկրի նորընտիր նախագահին շնորհավորելը, ասել է Պեսկովը:
«Կանխատեսելով ձեր հավանական հարցը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ ընտրված նախագահին շնորհավորելու վերաբերյալ, ես կցանկանայի ասել հետեւյալը. մենք ճիշտ ենք համարում սպասել ընտրությունների արդյունքների պաշտոնական ամփոփմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է տարբերությունն ԱՄՆ նախագահական ընտրությունների ամփոփման ներկա իրավիճակի եւ չորս տարի առաջվա իրավիճակի միջեւ, երբ Ռուսաստանի պետության ղեկավարն անմիջապես շնորհավորեց Դոնալդ Թրամփին, Պեսկովը նշեց, որ «տարբերությունը բավականին ակնհայտ է»: «Այնտեղ [ԱՄՆ-ում] որոշակի իրավական ընթացակարգեր են նախատեսված, որոնք հայտարարվել են գործող նախագահի կողմից, ուստի դրանով էլ այս իրավիճակը տարբերվում է, ուստի մենք ճիշտ ենք համարում սպասել պաշտոնական հայտարարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: Նա հիշեցրել է, որ չորս տարի առաջ «[ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների] իրավական վիճարկման մասին հայտարարություններ չկային»:
Ընդ որում, Պեսկովը չի պատասխանել հարցին, թե ԱՄՆ նախագահի ընտրությունների արդյունքների որ հայտարարությունը Կրեմլում պաշտոնական կհամարվի:
ԱՄՆ համընդհանուր ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին: Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն` Բայդենը 270 ընտրական ձայն է ստացել, որոնք անհրաժեշտ են Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնի համար պայքարում հաղթելու համար: Բայդենը հայտարարել է ընտրություններում իր տարած հաղթանակի մասին: Թրամփը չի ընդունել իր պարտությունը եւ հայտարարել է, որ մտադիր է դիմել դատարաններ ձայների հաշվարկի հետ կապված, քանի որ, նրա կարծիքով, ընտրություններում բազմաթիվ խախտումներ են եղել դեմոկրատների կողմից: