«Հասարակ ադրբեջանցիները սկսում են հասկանալ, որ նման հրեշավոր գին են վճարում ընդամենն Ալիևի և նրա կնոջ կլանների բարեկեցության համար»․Ալեքսանդր Ժիլինը՝ ԼՂ համակարտության մասին
Ռազմական, ազգային անվտանգության հարցերով ռուս փորձագետ Ալեքսանդր Ժիլինը, անդրադառնալով Արցախի Հանրապետությունում շարունակվող պատերազմին, նշել է, որ Թուրքիայի գլխավոր շտաբի ներկայացուցիչներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցրել էին, որ ադրբեջանաթուրքական տանդեմն Արցախը կգրավի երեք օրում։
«Բլիցկրիգը չստացվեց։ Ավելին, հայերը կատաղի կերպով պաշտպանվում են։ Եվ դա հասկանալի է, նրանք պաշտպանում են իրենց կենսատարածքը, քանի որ պարտության դեպքում նրանք կոչնչացվեն, ինչպես և ռուսները՝ Դոնբասում։
Պատերազմի օրենքներով հարձակվողների (Ադրբեջան-զինյալներ-Թուրքիա) և պաշտպանվողների (Ղարաբաղ-Հայաստան) կորուստները միջինում կազմում են 3-ը մեկին։ Ալիևը, որ մտահոգված է միայն նախագահի իր աթոռը պահելով, նման բան չէր սպասում»,- նշում է Ժիլինը՝ հավելելով, որ Ադեբեջանի ամբողջ տարածքում մայրերը, կանայք և որբ երեխաները սգում են իրենց հարազատների մահը։
«Հասարակ ադրբեջանցիները, դատելով Բաքվում իմ ընկերների տեղեկատվությունից, սկսում են հասկանալ, որ նրանք նման հրեշավոր գին են վճարում ընդամենը Իլհամ Ալիևի և նրա կնոջ կլանների բարեկեցության համար»,-ասել է փորձագետը: