Այս պատերազմում մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ. կայացել է Արոնյանի նախաձեռնած «Մատ տեռորին» բարեգործական մրցաշարը (լուսանկարներ)
Շախմատի Հայաստանի հավաքականի ավագ ու առաջատար Լևոն Արոնյանի նախաձեռնությամբ այսօր, Երևանում, կայացել է «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։
Միջոցառման ընթացքում Արոնյանն ու գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը անցկացրել են միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։
Դրանից բացի, անցկացվել է Արոնյանի մոր՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին: Միջոցառումից հետո հայ շախմատիստը խոսել է մրցաշարի անցկացման գաղափարի, իր անձի միջոցով պատերազմի մասին աշխարհում բարձրաձայնելու մասին.
«Միջոցառումը կրում է «Մատ տեռորին» խորագիրը, քանի որ այս պատերազմում մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ: Այս պահին մեր թշնամին օգտագործում է ահաբեկիչներին և անում է այնպիսի բաներ, որոնք մարդկային չեն: Վերջիվերջո կա կռիվ, մարտ եւ կան այն մարդկային բաները, որոնք մենք բոլորս կիսում ենք: Մեր թշնամին ընտրել է այնպիսի մեթոդներ, որոնց մասին ամոթել է խոսել: Նա ցույց է տալիս այնպիսի դաժանություններ, որոնք հասու չեն նույնիսկ կենդանիներին: Այսօր դրամահավաք ենք անում, մայրիկիս գիրքն եմ վաճառում, միաժամանակյա սեանս ենք տալիս, որպեսզի գումար հավաքենք և ուղարկենք Արցախ՝ մեր եղբայրներին»,-ասել է Արոնյանը: