Ֆրանսիան պատրաստակամություն է հայտնել անդամակցել Արեւելյան Միջերկրածովյան երկրների միությանը
Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է անդամակցել Արեւելյան Միջերկրական ծովի երկրների գազային միությանը: Ինչպես լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը, Փարիզը «ցանկանում է միանալ գազային ոլորտում Արեւելյան Միջերկրական ծովի Ֆորումին»,-հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ առնչությամբ ֆրանսիացի նախարարն ընդգծել է «այդ տարածաշրջանում Թուրքիայի սադրիչ գործողությունները դադարեցնելու» կարեւորությունը:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջում Արեւելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի վեց պետություններ՝ Եգիպտոսը, Իսրայելը, Հունաստանը, Կիպրոսը, Հորդանան ու Իտալիան, ստորագրել են համաձայնագիր տարածաշրջանային գազային կազմակերպություն ստեղծելու մասին, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Կահիրեում: Դրա կազմում ի սկզբանե պետք է ներգրավվեր նաեւ Պաղեստինը, սակայն Իսրայելի պատճառով նա չի մասնակցել Խարտիայի ստորագրմանը:
Միջազգային կառույցն ուղղված է տարածաշրջանային էներգետիկ շուկայի ստեղծմանը, առեւտրային հարաբերությունների ամրապնդմանը եւ անդամ երկրներում պահանջարկի ու առաջարկի բավարարմանը: Նոր կազմակերպությունը կոչված է ապահովել եւ զարգացնել բնական գազի արտահանումն Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանից դեպի Եվրոպա եւ այլ երկրներ: