Ֆրանսիայում կորոնավիրուսի հետեւանքով զոհերի թիվը գերազանցել է 40 000-ը
Ֆրանսիայում համավարակի ամբողջ ընթացքում COVID-19 ախտորոշմամբ զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 40 000-ը, հաղորդում է DW-ը:
Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 7-ին այդ ցուցանիշը կազմել է 40 169 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով 306 մահվան դեպք:
Ամերիկյան Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով՝ համավարակի բռնկումից ի վեր Ֆրանսիայում հայտնաբերվել է վարակման 1 709 716 դեպք: Ներկայում երկիրը գտնվում է հինգերորդ հորիզոնականում աշխարհում ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Բրազիլիայից եւ Ռուսաստանից հետո:
Ստեղծված իրավիճակում Ֆրանսիայում աճում է հիվանդանոցներում վտանգավոր ծանրաբեռնվածությունը, նշում է AFP-ը: Այսօրվա դրությամբ երկրում 4410 պացիենտ գտնվում է ինտենսիվ թերապիայի պալատներում, մինչդեռ շաբաթվա սկզբում այդ հիվանդների թիվը կազմել է 3721: Որոշ պացիենտների արդեն տեղափոխվել են Ֆրանսիայից Գերմանիա բուժման նպատակով:
Հոկտեմբերի վերջում երկրում սկսել է գործել լոքդաունի ռեժիմ, ըստ որի՝ բնակիչներն օրական ունեն ընդամենը մեկ ժամ գնումներ կատարելու, բժշկի այցելելու կամ տնից մինչեւ 1 կմ շառավղով զբոսնելու համար: Ընդ որում՝ դպրոցներն ու մանկապարտեզները շարունակում են բաց լինել: Լոքդաունը չի տարածվում տնտեսության որոշ բնագավառների, օրինակ, շինարարության վրա:
Ակնկալվում է, որ կառավարության կողմից հոկտեմբերի կեսերին հայտարարած առողջապահության ոլորտում արտակարգ դրությունը կպահպանվի առնվազն մինչեւ փետրվարի 16-ը: