Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում խաղաղ ցույց է անցկացվել ի աջակցություն Արցախի
Իսպանիայի Բասկերի Երկրի Սան Սեբաստիան քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ ցույց են անցկացրել ի աջակցություն Արցախի: Ներկաները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Հայ համայնքի ներկայացուցիչների խաղաղ ցույցին մասնակցել են նաև օտարերկրացիներ: Ակցիայի մասնակիցները պահանջել են, որպեսզի միջազգային հանրությունը կանգնեցնի Արցախի ու հայ ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնող Ադրբեջանին, նրան աջակցող Թուրքիային և միջազգային ահաբեկչական ցանցի ներկայացուցիչներին:
Արցախի ՊԲ հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ: