Թուրքիայում պահանջում են ֆինանսների նախարարի հրաժարականը
Թուրքական ազգային արժույթը շարունակում է պատմական անկումը։ Ինչպես ընդդիմադիր, այնպես էլ անկուսակցական պատգամավորները պահանջում են Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հրաժարականը, ով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Ավելի վաղ Ալբայրաքը խոսել էր դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման մասին:
«Թուրքիան գործ չունի դոլարի հետ, եթե տոկոսադրույքը բարձրացնենք, արժույթը կընկնի, բայց դա մեր խնդիրը չէ»,-նշել էր նա: Ելույթից հետո հասարակական տրամադրությունները ավելի են բորբոքվել: Համացանցում տարածվել են ծաղրանկարներ՝ «փեսան սպանեց տնտեսությունը» վերնագրով:
«Տնտեսությունում հրդեհ կա: Խնդիր կա մեքենայի շարժիչի հետ, դուք միայն անվադողն եք փոխել ու ուզում եք այն շարժվի: Այս հիանալի երկիրը հասցրել եք խղճալի վիճակի»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն:
Նոյեմբերի 7-ին նախագահ Էրդողանը պաշտոնանկ արեց Թուրքիայի Կենտրոնական բանկի կառավարիչ Մուրադ Ույսալին: Էրդողանի որոշումը վերլուծաբանները կապում են Թուրքիայի ազգային արժույթի ռեկորդային անկման հետ: Միևնույն ժամանակ, քաղաքական ու վերլուծական շրջանակները սեղմ ժամկետում իրավիճակի շտկման որևէ հնարավորություն չեն տեսնում:
Նոյեմբերի 6-ին FITCH վարկանիշային գործակալությունը հայտարարել էր, որ թուրքական ազգային արժույթի վերականգնման համար գործադրված ջանքերը անբավարար են։ Գործակալության Թուրքիայի գծով վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն նշել է, որ Թուրքիայի կառավարության կողմից լիրայի վերականգնման համար իրականացված «խիստ» քայլերը չեն կարող բավարար լինել ազգային արժույթի անկումը կասեցնելու համար։
«Թուրքիան բավարար քայլեր չի կատարում, որպեսզի կասեցնի լիրայի անկումը, արտարժույթի պահուստները և արտաքին ֆինանսական օգնությունը չեն բարելավել թուրքական արժույթի պոտենցիալ թույլ կետերը, չնայած դրանք մեծ փոփոխության չեն ենթարկվել Fitch-ի օգոստոսյան ցածր կանխատեսումներից հետո»,- ասել է Fitch գործակալության վերլուծաբան Դուգլաս Վինսլոուն: