Թուրքիայում հայտարարել են ԱՄՆ նոր վարչակազմի վրա ճնշումն ուժեղացնելու մտադրության մասին
Թուրքիան մտադիր է ուժեղացնել ճնշումն ԱՄՆ նոր վարչակազմի վրա՝ ձգտելով, որ նրանք արտահանձնեն քարոզիչ Ֆեթուլա Գյուլենին, հայտարարել է հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օկտայը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Շաբաթ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին, իսկ ավելի վաղ նրա հաղթանակի մասին հայտարարել էին ամերիկյան խոշորագույն ԶԼՄ-ները: Միեւնույն ժամանակ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ընտրությունները դեռեւս չեն ավարտվել. նա մտադիր է պաշտպանեսլ սեփական հաղթանակը դատարանում:
«Թուրքիայի տեսանկյունից՝ ոչինչ չի փոխվում: Կապի ալիքները կրկին կաշխատեն նույնությամբ: Մենք ունեցել ենք հեղաշրջման փորձ: Նա, ով դա կազմակերպել է, գտնվում է ԱՄՆ-ում: Արտահանձնումը խնդրելուց ավելի բնական ոչինչ չկա: Այդ գործընթացը կշարունակվի նաեւ երկրի նոր ղեկավարության նկատմամբ: Մենք կուժեղացնենք ճնշումն այդ հարցով»,-հայտարարել է Օկտայը Kanal 7 հեռուստաալիքին:
Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Թուրքիայում ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է շուրջ 150 հազար պետական ծառայող, այդ թվում՝ զինվորական: Ինքը՝ Գյուլենը, որը գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները: