ԱՄՆ նոր պետքարտուղար կարող է դառնալ Օբամայի օրոք նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Սյուզան Ռայսը. Politico
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու և, ըստ ամերիկյան մի շարք առաջատար լրատմավիջոցների, նախագահական ընտրություների հաղթող Ջո Բայդենի ապագա կաբինետում պետքարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, հաղորդում է Politico-ն:
Պարբերականի կանխատեսմամբ՝ պետքարտուղարի պաշտոնին կարող են հավակնել նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Էնթոնի Բլինքեն, դեմոկրատ-սենատոր Քրիս Քունսը, մեկ այլ սենատոր Քրիս Մերֆին, ինչպես նաև՝ «Քարնեգի» հիմնադրամի ղեկավար Ուիլիամ Բերնսը:
Ըստ աղբյուրի՝ Բայդենի կաբինետում Պենտագոնը կարող է ղեկավարել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով նախկին տեղակալ Միշել Ֆլորնոյը:
Ըստ ամերիկյան ԶԼՄ–ների՝ Բայդենը հաղթանակ է տարել Փենսիլվանիա նահանգում, ինչն ապահովում է ընտրիչների 20 ձայն: Այդպիսով, նա ստանում է 273 ձայն (ընտրվելու համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն), մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 213-ը:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն չի ընդունում պարտությունը և հայտարարել է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Ավելին, նա նաև հայտարարել է, որ ձայների մեծ առավելությամբ հաղթանակ է տարել երկրի ղեկավարի ընտրություններում: