Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն, ինչպես նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, օպերատիվ խորհրդակցության մասին նոյեմբերի 6-ին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի և կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը», - հայտնել է Պեսկովը:
Պեսկովի խոսքով՝ քննարկվել են նաև ՌԴ շրջաններում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարն ու երկրի սոցիալ-տնտեսական այլ ընթացիկ հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պառլամենտի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ բնապահպանական և տրանսպորտային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: