Երևանի շենքերում ավելի քան 310 վերելակ փոխարինվել է նորով. տարեվերջին այդ թիվը կհասնի 500-ի
Երևանի բազմաբնակարան շենքերում արդեն իսկ տեղադրվել են ավելի քան 310 նոր վերելակներ, ծրագրի համաձայն՝ մինչև տարեվերջ այդ թիվը նախատեսվում է հասցնել 500-ի:
Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Երևանի փոխքաղաքպետ Սերգեյ Ներսեսյանը՝ անդրադառնալով 500 վերելակների նորերով փոխարինման ծրագրին:
«Հուսով ենք, որ մինչև տարվա վերջ կունենանք տեղադրված թվով 500 վերելակ: Տեղադրված է 318-ը, եթե չեմ սխալվում: Մնացածը մինչև սույն ամսվա 15-ը կհանձնվեն նույնպես, որի դիմաց վճարումները կկատարվեն: Պայմանագիրը երկարաձգվել է, մատակարարի հետ խոսել ենք, պայմանավորվել ենք, ուշացումներ չեն լինի, մինչև տարվա ավարտ կփորձենք ապահովել այդ ծրագրի իրականացումն ամբողջությամբ»,- ասաց նա:
Փոխքաղաքապետի խոսքով՝ ռազմական իրավիճակը որոշակի առումով գործընթացի վրա ունեցել է ազդեցություն, սակայն մատակարարն իր պարտականությունները կատարում է նորմալ տեմպով: