Ռուսաստանում առաջարկում են բարձրացնել հարուստների հարկումը
Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը (ԷԲԴ) կարծում է, որ Ռուսաստանում ներուժ կա բարձրացնելու ֆիզիկական անձանց եկամտահարկը (ՖԱԵՀ) հարուստների համար, ինչպես նաեւ շահութահարկը։ Բյուջեի նախագծի եզրափակիչ հատվածում այսպիսի կարծիքով են հանդես եկել համալսարանի փորձագետները։ Ֆինանսների նախարարությունն այս տարբերակը դեռեւս չի մշակում, հայտնում է «Կոմերսանտը»։
ԷԲԴ-ն առաջարկում է ՖԱԵՀ-ը 20-24 տոկոսով բարձրացնել 12 եւ 24 մլն ռուբլուց ավելի եկամտի դեպքում, իսկ շահութահարկը՝ մինչեւ 24–30 տոկոսով՝ արդյունավետ ներդրումային հաշվանցման հաստատմամբ։ Համալսարանի փորձագետների կարծիքով՝ հարկերի բարձրացման համար ներուժն ի հայտ է եկել այն հանգամանքի հետ կապված, որ Ռուսաստանում բարձրացել է հարկային վերահսկողության մակարդակը եւ նվազել են կապիտալի փախուստի հնարավորությունները։ «Հարկային ծառայությունների տեխնոլոգիաների ձեռք բերված մակարդակը եւ ժամանակակից արտաքին տնտեսական իրավիճակը զգալիորեն սահմանափակում են ազգային կապիտալի փախուստի եւ ռուսական իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից ռուսական իրավազորությունից փողի դուրսբերման հնարավորությունները։ Սա ներուժ է ստեղծում չներդրվող անձնական բարձր եկամուտների եւ կորպորացիաների չներդրվող ազատ միջոցների հարկային բեռի ավելի զգալի մեծացման համար»,- նշված է եզրափակիչ մասում։
Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը ՌԲԿ-ին հայտնել է, որ հիմա մշակվում են ՖԱԵՀ եւ շահութահարկի փոփոխությունները, բացի ՖԱԵՀ-ը 13-ից մինչեւ 15 տոկոս բարձրացնելն այն անձանց համար, ում եկամուտները գերազանցում են տարեկան 5 մլն ռուբլին։ Ավելի վաղ այսպիսի օրինագիծ էր հանձնարարել մշակել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պետական դուման փաստաթուղթն առաջին ընթերցմամբ ընդունել է։ Ֆիննախն առաջարկում է հարկը տարածել միայն աշխատանքային գործունեության հետ կապված եկամուտների վրա։ Ընդ որում՝ առաջարկվում է չկարգավորվող եկամուտները եւ անձնական ունեցվածքի վաճառքից ստացված միջոցները հարկել սովորական 13 տոկոսով։ Ենթադրվում է, որ ՖԱԵՀ դրույքը մինչեւ 15 տոկոս բարձրացնելու դեպքում կստացվի մոտ 60 մլրդ ռուբլի։ Հարկը գործելու է միայն եկամտի համար, որը գերազանցում է տարեկան 5 մլն ռուբլին։ Փողն ուղղվելու է ծանր հիվանդություններով երեխաների բուժմանը։