Կարեն Գիլոյանն՝ Արցախից․ Միհրանն այստեղ մեծ գործ է անում՝ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի
Մենք հաղթելու ենք ու ես այստեղից գոռալու եմ հաղ-թա-նակ: Սպասեք եւ տեսեք, թե ինչպես եմ գոռալու:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արցախից ասաց սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:
Հոկտեմբերի 5-ին ռուսական WarGonzo հաղորդման ռուս վիդեոբլոգեր Սեմյոն Պեգովը տեսանյութ հրապարակեց Շուշիի համար մղվող մարտերից։ Տեսանյութում երեւում է՝ ինչպես է պաշտպանության բանակը Քարին Տակի մոտ տարածքը մաքրում դիվերսիոն խմբերից: Մարտերի ժամանակ Սեմյոն Պեգովի հետ Քարին Տակում էին նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանն ու Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը, որոնք նույնպես ընկնում են կրակի տակ։
«Այն ինչ ցուցադրված էր տեսանյութում, ամենամեղմ դրվագներն էին: Այն ինչ տեղի էր ունենում Քարին Տակում, ամենահզոր մարտաֆիլմերում էլ չես տեսնի: Մենք չէինք գնացել այնտեղ մարտերին մասնակցելու, կռվելու: Մենք բոլորով ուղեկցում էինք Սեմյոն Պեգովին: Այն հատվածում, երբ նստեցինք ավտոմեքենան եւ վիդեոբլոգերը stand-up էր անում, երեք րոպեի տարբերությամբ, հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ էր կատարվում, աննկարագրելի էր:
Յուրաքանչյուրս էլ պատրաստ էինք մարտերին մասնակցել, բայց մեզ բնական է՝ թույլ չտվեցին: Միհրան Հարությունյանը եկել է, բոլոր զինվորների կողքին է, զենքը ձեռքին՝ պատրաստ ցանկացած պահի կռվել հանուն հայրենիքի: Միհրանը մի ձեռքով մեքենան էր վարում, որ բոլորիս անվնաս դուրս բերի այդ հատվածից, մյուս ձեռքով՝ կրակում: Ի դեպ, Միհրանն իր մեքենայով էր եւ այստեղ մեծ գործ է անում, ինչպես միշտ խիզախ, անվախ եւ պատրաստ ամեն ինչի:
Արցախում բոլորիս տրամադրությունը շատ բարձր է: Կանոնավոր բանակի զինվորներն ամուր կանգնած են իրենց դիրքերում՝ անվախ, հզոր ու մինչեւ վերջ նվիրված: Նախքան կրակի սկսելը բոլորի հետ զրուցում էինք, լուսանկարվում՝ հումորով, կատակներ անելով, մարտական տրամադրությամբ:
Մեզ ոչինչ չի պատահել, որեւէ մեկը չի վիրավորվել, անվնաս դուրս ենք եկել այդ տարածքից: Բայց եւս մեկ անգամ շեշտեմ՝ շատ ուժեղ մարտեր եղան այդտեղ:
Մեզ հետ տեղափոխած վիրավոր զինվորին էլ բարեհաջող հասցրինք հիվանդանոց: Ոտքից էր վիրավորվել: Նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- պատմեց Կարեն Գիլոյանը: