Իրանցի գեներալ. Հայաստանին եւ Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը
Իրանի զինված ուժերը կանեն հնարավոր ամեն ինչ՝ սահմանամերձ շրջաններում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար եւ չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտում: Այս մասին, Mehr-ի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հեյդարին նշել է, որ Իրանը կողմերին կոչ է անում իրենց խնդիրները լուծել քաղաքական կարգավորման միջոցով: «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի ուժ չի կարող փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, եւ մենք դա չենք հանդուրժի»,-նշել է նա:
Գեներալը հայտնել է, որ ցամաքային ուժեր են տեղակայվել սահմանամերձ շրջաններում, եւ դրանք շարունակում են ջանքեր գործադրել տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու համար: Նրա խոսքով՝ երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին վտանգ չի սպառնում, եւ զինված ուժերը պատրաստ են պաշտպանել իրանցի ժողովրդին:
Ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Հեյդարին ասել է. «Իրանը շատ ընդհանրություններ ունի հարեւան երկրների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, եւ մենք երկու երկրներին խորհուրդ ենք տալիս հարգել միջազգային իրավունքը, պաշտպանել միջազգային սահմաններն ու իրենց խնդիրները լուծել քաղաքական կարգավորման ճանապարհով»: