ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դեռևս հայտնի չեն
ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները դեռեւս անհայտ են մնում․ դեմոկրատների թեկնածուն մոտ է Ընտրիչների կոլեգիայում ձայների մեծամասնությունը ստանալուն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է առանձին նահանգներում դադարեցնել ձայների հաշվարկը։ Հանրապետականները մի քանի հայցեր են ներկայացրել ձայները հաշվարկելիս խախտումների վերաբերյալ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Հինգշաբթի երեկոյան նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 2 օրում առաջին անգամ հանդես է եկել հրապարակային ելույթով՝ Սպիտակ տանը լրագրողներին ասելով, որ ընտրությունները եղել են «նենգափոխված» են եւ ընդգծելով, որ իրենից ձայներ են «գողացել»։
Թրամփը հայտարարել է, որ եթե հաշվակեն բոլոր «օրինական» ձայները, ապա ինքը կհաղթի ընտրություններում՝ դրանով իսկ ազդակ տալով, որ հանձնվելու մտադրություն չունի դեմոկրատ Ջո Բայդենի հետ պայքարում։
«Եթե հաշվեն օրինական ձայները, ես հեշտ կերպով կհաղթեմ»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը ճեպազրույցների դահլիճում։ Նա շեշտել է, որ քվեաթերթիկների երկար տեւած հաշվարկն իրեն թույլ է տալիս ենթադրելու, որ ընտրությունները նենգափոխվել են, որպեսզի իրենից հաղթանակը «գողանան»։ «Մեր նպատակն է ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ ինքը թույլ չի տա ստիպել իր ընտրողներին լռել։
Նա հայտարարել է, որ ինքն, ըստ ամենայնի, հաղթում է Արիզոնայում։ Ըստ Fox News-ի հաշվարկների՝ Ջո Բայդենը հիմա Արիզոնայում առաջ է անցել ձայների 89 տոկոսի հաշվարկի հիման վրա՝ նա ստացել է ընտրողների ձայների 50,4 տոկոսը, Թրամփը՝ 48,2 տոկոսը։
Դրանից բացի, Թրամփը շեշտել է, որ հայցերի հետ կապված դատավարությունը, որոնք ներկայացնելու է իր շտաբը, կարող է ավարտվել Գերագույն դատարանում։
Թրամփը նաեւ հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ձայների հաշվարկը՝ վկայակոչելով ընտրական գործընթացի կազմակերպիչների խարդախությունը եւ ոչ իրավաչափ վարքագիծը՝ ապացույցներ չներկայացնելով։
Մի շարք հեռուստաալիքներ՝ ABC-ն, CBS-ն եւ MSNBC-ն ընդհատել են Թրամփի ելույթի ուղիղ հեռարձակումը՝ վերջինի «սուտ հայտարարությունների» պատճառով։