Հերոսաբար զոհված Արեն Չատինյանը վիրավոր շարունակել է մարտը․ Մարզիչը, եղբայրն ու ընկերները՝ Հայաստանի չեմպիոնի մասին (Լուսանկարներ)
Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ծանրորդի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:
19-ամյա Արեն Չատինյանը Ստեփանավանից էր: Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականում, բայց մեկնել է զինծառայության:
Անձնական մարզիչ Արման Ղազարյանի խոսքերով, Արեն Չատինյանը հեռանկարային մարզիկ էր, բայց չհասցրեց իրեն դրսեւորել մեծահասակներում:
«Հրաշալի ներուժով տղա էր, պայքարող տեսակ էր: Նա իմ սանն էր 2017 թվականից, հեռանկարային եւ մեծ ապագա ունեցող ծանրորդ էր: Չհասցրեց իր բոլոր նպատակներն իրականացնել: Շատ էր ցանկանում մեծ արդյունքներ գրանցել սպորտում: Հայաստանի չեմպիոն էր եւ արդեն ցուցադրում էր լավ արդյունքներ: Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ էր եւ մնացել էր քիչ ժամանակ ավարտել ծառայությունը: Սպասում էր, որ գար ու շարունակեր սպորտը:
Հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցեց, բայց չորրորդ տեղով բավարարվեց: Իր հնարավորությունների չափով մարզվել էր կարանտինի պայմաններում, այդ պատճառով էլ չորրորդ տեղի արդյունքով բավարարվեց:
Բնավորությամբ հրաշալի մարդ էր, կյանքը կտար ընկերոջ համար: Ծանր շրջան է բոլորիս համար, մեր լավագույն սաները հեռանում են»,- ասաց Արման Ղազարյանը:
Արենի եղբայր Արտակ Չատինյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում պատմեց առաջնագծում եղբոր տարած հերոսական կռվի մասին:
«Եղբայրս ծառայության մեկնեց 2019 թվականի հուլիսի 2-ին: Այդ տարի էր դարձել Հայաստանի չեմպիոն եւ արդեն հասցրել էր հավաքականի հետ մասնակցել մեկ հավաքի, բայց միջազգային մրցաշարերի չհասցրեց մեկնել:
Ասում են՝ շատ լավ ծառայող է եղել: Հետախույզ էր: Սերժանտ էր, ապա ավագ սերժանտ էր ստացել: Պատերազմի սկսվելու օրվանից պարբերաբար խոսում էինք հեռախոսով: Ամեն ինչ շատ լավ էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Չէր ասում՝ որտեղ է: Հետո իմացանք, որ Ջաբրայիլում է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Համառ մարտերի ժամանակ ուսի հրազենային վիրավորում է ստացել: Վիրակապել են եւ այդպես վիրավոր շարունակել է մնալ կռվի դաշտում: Որոշ ժամանակ անց ԱԹՍ-ից բեկորային հարված է ստացել մեջքին: Նրա հետ վերջին անգամ զրուցել էինք հոկտեմբերի 20-ին, մահվան լուրի մասին տեղեկացանք 3 օր անց: Հերոսի պես կռվել է մի քանի ժամ վիրավոր ուսով, չի ցանկացել ոչ մի րոպե իր ընկերներին մենակ թողնել ռազմի դաշտում»,- մանրամասնեց Արենի եղբայրը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: