ԱՄՆ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում նախագահական ընտրությունների արդյունքներով ձայների հաշվարկի ֆոնին
ԱՄՆ քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում նախագահական ընտրությունների արդյունքներով ձայների հաշվարկի ֆոնին։ Ակցիայի մասնակիցները ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին կոչ են անում «հաշվարկել յուրաքանչյուր ձայնը», հայտնում է NY Times-ը։
Մինեապոլիսում ցուցարարները փակել են ավտոմայրուղին։ Պորտլենդում հարյուրավոր մարդիկ հավաքվել են լողափին՝ բողոք հայտնելու ձայների հաշվարկին միջամտելու նախագահ Դոնալդ Թրամփի փորձերի դեմ, միաժամանակ մեկ այլ ակցիայի մասնակիցներ ոստիկանության դեմ բողոքելով եւ ռասայական արդարության կոչ անելով՝ հրահրել են անկարգություններ եւ բախումներ իրավապահների հետ։
Ֆենիկսում մոտ 150 ցուցարարներ, որոնք աջակցում են Թրամփին, հավաքվել են շրջանի մատենավարական գրասենյակի մոտ, որտեղ անցկացվել է ձայների հաշվարկը։
Դետրոյթում Թրամփի կողմնակիցների մեկ այլ խումբ հավաքվել է քվեաթերթիկների հաշվարկման կենտրոնի մոտ՝ պահանջելով, որ պաշտոնյաները քվեաթերթիկների «հաշվարկը դադարեցնեն» այն բանից հետո, երբ Թրամփի շտաբը հայց է ներկայացրել Միչիգանում ձայների հաշվարկի դադարեցման մասին։
Ակցիաներ են ընթացել Ֆիլադելֆիայում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ այլ քաղաքներում։ Ընդ որում՝ դրանց մի մասը ռասայական անարդարության եւ իրավապահ մարմինների դեմ ցույցերի շարունակությունն է՝ կապված Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ։ Առաջիկա օրերին նախատեսված են նոր ցույցեր։
Մինեապոլիսում մի քանի հարյուր ցուցարարներ, նախագահի հայտարարություններից զայրացած, դուրս են եկել ավտոմայրուղի՝ ոստիկանությանը ստիպելով մաքրել երթեւեկելի մասը։
Նյու Յորքում ցուցարարները խաղաղ ցույց են անցկացրել Մանհեթենում՝ բոլոր ձայները հաշվելու եւ ռասայական հավասարության կոչ անելով, բայց ավելի ուշ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ․ երբ ցուցարարները կարճ ժամանակով փակել են դեպի Վեսթ Վիլիջ երթեւեկությունը, ոստիկանները ցուցարարներին հետ են մղել դեպի մայթեր եւ կալանավորել առնվազն 20 մարդու։