ԱԳՆ. Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին չեն հայտնել միայն երեք երկիր
Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին ԵՄ քարտուղարությանը չեն հայտնել միայն Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը:
Ընդ որում, նա նշեց, որ այդ երեք երկիրը, այնուամենայնիվ, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը. «ԵՄ բոլոր 27 երկրներում վավերացման գործընթացն ավարտված է, սակայն կա եւս երեք երկիր` Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանը վավերացման գործընթացի ավարտի մասին»,- շեշտեց Ադոնցը: Փոխնախարարը նաեւ նշեց, որ համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ այդ երկրները քարտուղարությանը կհայտնեն դրա վավերացման մասին:
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: