Ամենայն հավանականությամբ, Հանրապետական կուսակցությունը կկարողանա պահպանել Սենատի վերահսկողությունը
Ամենայն հավանականությամբ, Հանրապետական կուսակցությունը կկարողանա պահպանել Սենատի վերահսկողությունը՝ թույլ չտալով Կոնգրեսի վերին պալատի անցումը դեմոկրատների վերահսկողությանը։ Սա ակնհայտ դարձավ երեկ, երբ սենատոր Սյուզեն Քոլինզը Մեն նահանգում վերընտրվեց հերթական ժամկետով, իսկ մի քանի այլ նահանգներում գործող հանրապետական սենատորները հաղթեցին ընտրություններում իրենց դեմոկրատ մրցակիցներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Արդյունքում՝ Սենատում մեծամասնություն ստանալու հույս ունեցող դեմոկրատները լրացուցիչ ստացան միայն մեկ տեղ՝ չհասնելով ցանկալի արդյունքի, չնայած ֆինանսավորման ահռելի առավելությանը, որ ունեին Դեմոկրատական կուսակցության թեկնածուները։
Ներկայումս հանրապետականները վերահսկում են Սենատի 53 մանդատ, դեմոկրատները՝ 47, ներառյալ 2 անկախ սենատորները։ Սենատը վերահսկելու համար դեմոկրատները պետք է հետ վերցնեին 3 տեղ, որը հիմա պահում են հանրապետականները, այն դեպքում, եթե ընտրություններում հաղթի Ջո Բայդենը, իսկ դեմոկրատ սենատոր Քամալա Հարիսը որպես երկրի փոխնախագահ գլխավորի վերին պալատը։ Բայդենի պարտվելու դեպքում դեմոկրատներին անհրաժեշտ է լրացուցիչ 4 մանդատ։
Սենատի 5 ընտրություններից, որոնց պաշտոնական արդյունքները դեռեւս չեն հայտարարվել, գործող հանրապետականները առաջատար են Ալյասկայում, Ջորջիայում եւ Հյուսիսային Կարոլինայում։ Միչիգանում ոչ մեծ տարբերությամբ առաջատարը գործող դեմոկրատ սենատոր Գերի Պիտերսն է։
Կոնգրեսի երկու պալատներում վերահսկողություն ստանալու դեմոկրատների հնարավորությունները էլ ավելի նվազեցին, երբ պարզ դարձավ, որ գործող հանրապետական սենատորներ Ջոնի Էռնսթը՝ Այովայից, Սթիվ Դեյնսը՝ Մոնտանայից, Ջոն Քորնին՝ Տեխասից եւ Լինդսի Գրեմը՝ Հարավային Կարոլինայից վստահորեն առաջ են անցել դեմոկրատ մրցակիցներից։
Հանրապետականները հաղթել են նաեւ Կանզասում սենատորի ընտրությանը, որտեղ Ռոջեր Մարշալը հաղթել է դեմոկրատ Բարբարա Բոլիերին։
Բայդենի հաղթելու դեպքում հանրապետականների վերահսկած Սենատը Սպիտակ տան համար խնդիր է դառնալու՝ արգելափակելով նրա օրենսդրական ծրագրերի զգալի մասը, ներառյալ առողջապահությանը բնակչության հասանելիության ընդլայնումը եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը։