Սիմֆոնիկ նվագախմբի համերգների արդյունքում հավաքվել է 30 մլն դրամ. այն կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը կազմակերպել էր առցանց հեռարձակվող բացօթյա Բարեգործական համերգ-դրամահավաք: Համերգների ընթացքում հանգանակված բոլոր միջոցները փոխանցվելու են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Տեղի է ունեցել 4 բարեգործական համերգ մայրաքաղաք Երևանի տարբեր հատվածներում: Հանգանակությունները կատարվել են թե' տեղում, թե' կայքի միջոցով։ Դրանց մասնակցել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ կազմակերպություններ, հիմնադրամներ և անհատ բարերարներ: Չորս օրերի ընթացքում հանգանակվել է 30 մլն դրամ:
Վերջին՝ չորրորդ համերգին, որը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի հուշարձանի հարևանությամբ ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը‚ որն իր երախտագիտությունն է հայտնել համերգների կազմակերպիչներին։ «Կարևոր է‚ որ մեր աջակցությունը թիկունքից լինի շատ մեծ‚ որովհետև ճակատում շատ մեծ կռիվ է ընթանում‚ ու շատ մեծ գործ է արվում։ Տղաներն իրենց կյանքն են դրել‚ և ամեն օր ճակատ են մեկնում նորանոր մարդիկ։ Նրանց կռիվը պետք է հաղթանակով պսակվի։ Վստահաբար հաղթելու ենք‚ և այդ հաղթանակը նաև ձեզնից է կախված։ Անչափ կարևոր է‚ որ այս դրամահավաքը շարունակություն ունենա‚ մշտական ներդրումներ լինեն‚ որովհետև և՜ ապրողները‚ և՜ մեր ապրելու համար իրենց կյանքը նվիրաբերածների ընտանիքները պետք է զգան բոլորիս աջակցությունը»‚- ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Համերգին ներկա էր նաև Ծանրամարտի կանանց 2009 թվականի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության ոսկե, արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը, որն իր խոսքում ընդգծել է‚ որ յուրաքանչյուրն իր բնագավառում‚ ուժերի ներածին չափով պետք է անի առավելագույնը՝ զինվորին ու բանակին աջակցելու համար. «Ես հավատում եմ մեր հաղթանակին‚ հավատում եմ տիեզերքի օրինաչափությանը. մեր պայքարը ազնիվ է‚ և մենք պետք է հաղթենք։ Խոնարհվում եմ զոհված զինվորների հիշատակի առջև. շատ թանկ ենք վճարում։ Մեր նահատակված մարտիկների և այսօր առաջնագծում պայքարողների շնորհիվ մենք շարունակում ենք ապրել։ Նրանք այսօր կռիվ են տալիս մեր երկրի‚ մեր գոյության‚ մեր ինքնուրույնության համար»։