Քրդական աշխատավորական կուսակցությունը շարունակում է անհանգստություն պատճառել Թուրքիային
Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալները նոյեմբերի 4-ին հրթիռային զինատեսակներով հարձակում են գործել Թուրքիայի Հանրապետության Հաքքարի նահանգի Դերեջիք գավառի վրա: Այս մասին հաղորդել է Հաքքարիի նահանգապետարանը՝ նշելով, որ հարձակման ընթացքում սպանվել է մեկ, ծանր վիրավորում ստացել՝ երկու հոգի: Տարածաշրջանում սկսվել են լայնածավալ գործողություններ:
Հաքքարին ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման ամենաթեժ կետերից մեկն է: Այն գտնվում է պատմական Վան քաղաքից մոտ 200կմ հեռավորության վրա: Տարածաշրջանում վերջին ամենամեծ բախումները տեղի են ունեցել 2017թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, որտեղ խաղաղ բնակիչների համար սահմանվել էր նաև պարետային ժամ: