Ֆրանսիայում ձերբակալել են ուսուցիչների հասցեին սպառնալիքներ հնչեցնող տղամարդուն. Parisien
Իրավապահ մարմինները Փարիզից հարավ-արևելք գտնվող Ատիս-Մոն կոմունայում տղամարդու են ձերբակալել այն բանից հետո, երբ նա ուսուցիչների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: Այդ մասին հաղորդել է Parisien թերթը:
Հրատարակությունը նշում է, որ տղամարդը ձերբակալվել է նոյեմբերի 4-ի առավոտյան ուսումնական հաստատության մերձակայքում: Նախօրեին ուսուցչուհիներից մեկը սպառնալիքների համար բողոք էր ներկայացրել, որոնց հեղինակն այդ տղամարդն էր: Ուսուցչուհին նշել է, որ երկու անգամ ընդմիջման ժամանակ փողոց դուրս գալով, սպառնալիքներ է լսել: Ձերբակալվածը գոռում էր, որ վրեժ կլուծի Ալլահի համար, և որ «ուսուցիչները կվճարեն»:
«Նա հայտնի է եղել մեր ծառայություններին, բայց ոչ թե հատուկ ծառայություններին»,- ոստիկանությունում նշել է աղբյուրը՝ մեկնաբանելով տղամարդու ձերբակալումը:
Միջադեպը կարող է կապված լինել պատմության ուսուցիչ Սամյուսել Պատիի սպանության հետ, որը տեղի է ունեցել Փարիզի մերձակայքի Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում:
Հոկտեմբերի 16-ին գլխատվել էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատին: Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն:
Հոկտեմբերի 29-ին Նիս քաղաքի եկեղեցու վրա իրականացված գրոհից հետո, որի հետևանքով երեք մարդ է զոհվել, Ֆրանսիայի իշխանությունները կարգադրեցին ուժեղացնել անվտանգության միջոցները կրոնական պաշտամունքի և ուսումնական հաստատությունների վայրերի մերձակայքում։