ՀՀ օմբուդսմեն. հակառակորդը հայ օգտատերերին վայրագություն եւ խոշտանգումներ պարունակող տեսանյութեր է ուղարկում
Հակառակորդը մտադիր է որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել, առաջին հերթին՝ խաղաղ բնակավայրերին: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:
Նա նշեց անմիջապես Հայաստանի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերը, որոնց վրա եւս զինված հարձակումներ են իրականացվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Խոսքը, մասնավորապես, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի մասին է: Այդ թվում են Երիցվանքը, Արծվիկը, Դավիթ Բեկը եւ Ագարակը:
Բացի այդ, Թաթոյանը հայտնեց, որ ավելացել է վայրագություն եւ խոշտանգումներ պարունակող տեսանյութերի թիվը, որոնք հակառակորդն ուղարկում է հայ օգտատերերին: Նրա կարծիքով՝ տվյալ գործողությունները կազմակերպված բնույթ են կրում: