Հայաստանում զգալիորեն մեծացել է հարուցված քրեական գործերի թիվը․ ՔԿ
Հայաստանում վերջին շրջանում զգալիորեն մեծացել է հարուցված քրեական գործերի թիվը։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Նա մասնավորապես նշեց․ «Մեզ հայտնի բոլոր պատճառներով քրեական գործերի թիվը, նյութերի նախապատրաստումը, նախաքննության ծավալը մեծանում են։ Տարեցտարի դիտվում է քրեական գործերի թվի աճ, եւ անգամ հաշվետու կիսամյակներում։ Սա ակնհայտ է։ 2017 թվականին քննվել է 20 հազար 57 գործ, 2018-ին՝ 25 հազար 675 գործ, 2019-ին՝ 32 հազար 960 գործ, 2020 թվականի առաջին կիսամյակում՝ 17 հազար 510 գործ։ Վերջին իրադարձությունների հետ կապված արդեն սկսվել է ռազմական ոլորտի շրջանակում հարուցված քրեական գործերի զգալի աճ»։
Նրա խոսքով՝ չնայած եւ նախատեսվել էր, որ 2021 թվականին լինելու է մոտ 33 հազար քրեական գործ, բայց ինչպես ցույց տվեցին վերջին իրադարձությունները, դրանք կարող են զգալիորեն ավելի շատ լինել։