Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը զոհվել է թշնամու գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվել է ձորը. ԵՊԲՀ ռեկտոր
Ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը զոհվել է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվել է ձորը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:
Ադրբեջանաթուրքական ուժերը վարձկան ահաբեկիչների մասնակցությամբ ոտնահարելով մարդասիրական բոլոր նորմերը շարունակում են թիրախավորել խաղաղ բնակչությանը, պատմամշակութային և հոգևոր կենտրոնները, հիվանդանոցները, զինվորական հոսպիտալները, վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենաններն ու վիրավորներին օգնություն ցույց տվող բժիշկներին:
Ռազմական բժիշկները պատերազմի առաջին օրից ռազմաճակատում են՝ ծառայում են կրկնակի երդման ներքո՝ զինվորական և Հիպոկրատի: Ստանալով բժշկի մասնագիտություն և կրելով զինվորական համազգեստ Սաշա Ռուստամյանն այն նվիրյալներից է, ով զոհվեց մասնագիտական պարտքը կատարելիս:
Բուժանձնակազմն առաջնագծից վիրավոր զինվոր տեղափոխելու ճանապարհին հանդիպելով հայկական զինվորական համազգեստով խմբի՝ կանգ է առել՝ օգնություն ցույց տալու նպատակով: Սաշա Ռուստամյանը շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ: Օգնության շտապող, կոչումով բժիշկը զոհվում է թշնամու նենգ գնդակից, իսկ հակառակորդի կրակի տակ հայտնված շտապօգնության մեքենան գլորվում է ձորը:
Սաշա Ռուստամյանի առաքելությունն անավարտ չի մնում. չնայած ստացած բազմաթիվ վնասվածքների՝ վիրավոր զինվորի ու շտապօգնության մեքենայի վարորդի կյանքը հաջողվում է փրկվել:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը խոսելով Սաշա Ռուստամյանի մասին՝ նշում է՝ Սաշան աչքի է ընկել ինչպես կրակային, այնպես էլ ֆիզիկական գերազանց պատրաստվածությամբ, մշտապես մասնակցել է սպորտային միջոցառումների: «Նա պատրաստված սպա և երդմանը հավատարիմ բժիշկ էր», - փաստում է ֆակուլտետի պետը:
Զինվորական գաղափարներով, պետական մտածողությամբ առաջնորդվող ռազմական բժիշկը կերտել է արժեքներ, որոնք հայ ժողովրդին պետք է մղեն դեպի զարգացած, խաղաղ և հաղթանակած Հայաստան: Մասնագիտական պարտքը կատարելիս, օգնության շտապող բժիշկ-զինվորականը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա որպես անմահ հերոս», - գրել է ռեկտորը: