Թուրքիան սիրիացի վարձկանների նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ նախկին գրոհայինների փախուստի ֆոնին․ Մարդու իրավունքների սիրիական կենտրոն
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) շարունակում է հետևել Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան:
Կենտրոնի վստահելի աղբյուրները հաստատել են, որ 230 սիրիացի գրոհայիններից կազմված նոր խումբ է հասել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացվող ռազմական գործողություններին: Միևնույն ժամանակ նշվում է, որ առնվազն 22 գրոհայիններ փախել են դաժան մարտերից և վերադարձել Սիրիա:
Վարձկանների նոր խմբի ժամանմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի շարքում կռվող սիրիացիների թիվը հասել է 2580-ի, որոնցից 342-ը հրաժարվել են իրենց վարձավճարից և վերադարձել Սիրիա:
Բացի այդ, կենտրոնի տվյալներով՝ վերջին մի քանի ժամում տեղի ունեցած մարտերի ընթացքում 9 սիրիացի է սպանվել՝ ընդհանուր մահացության ցուցանիշը թրքամետ գրոհայինների շրջանում հասցնելով 240-ի: Նրանցից 183-ի մարմինները տեղափոխվել են Սիրիա, մինչդեռ մյուսներինը շարունակում են մնալ Ադրբեջանում: Բացի այդ, նշվում է, որ հայկական ուժերն առնվազն երեք սիրիացի վարձկանի են գերեվարել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 142 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։