Ամերիկացի լրագրողը բարձրաձայնել է Արցախի բնակչության դեմ կիրառվող թուրքական անօդաչուներում օգտագործվող ամերիկյան բաղադրիչների մասին
Ամերիկացի լրագրող, քաղաքական մեկնաբան և New York Times պարբերականի սյունակագիր Նիկոլաս Քրիստոֆն իր թվիթերյան էջում անդրադարձել է թուրքական անօդաչու թռչող սարքերի մեջ օգտագործվող ամերիկյան բաղադրամասերին:
«Ամերիկյան բաղադրամասերն օգտագործվում են թուրքական անօդաչուներում, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են հայ քաղաքացիների դեմ»,- գրել է լրագրողը:
Վերջինս կիսվել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի հրապարակած փաստաթղթով, որում ապացույցներ են ներկայացվում թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում ամերիկյան մասերի կիրառման, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության դեմ օգտագործման մասին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։