Խամենեի. ԱՄՆ կառավարության փոփոխությունն իրանական քաղաքականությունը չի փոխի
ԱՄՆ-ում իշխանափոխությունը չի փոխի Իրանի քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, փոխանցում է Mehr-ը:
Նշելով, որ ԱՄՆ նախագահի թեկնածուները միմյանց մեղադրում են լայնամասշտաբ ընտրակեղծիքների մեջ` նա ասել է, որ ԱՄՆ քաղաքական համակարգը լուրջ անկման մեջ է: «Անկախ նրանից, թե ով է հաղթելու ԱՄՆ ընտրություններում, դա չի ազդի ԱՄՆ նկատմամբ մեր քաղաքականության վրա: Ոմանք խոսում են այն մասին, թե ինչ կլինի, եթե ընտրվի այս կամ այն թեկնածուն: Այո, որոշակի իրադարձություններ կարող են տեղի ունենալ, բայց դրանք մեզ չեն վերաբերում: ԱՄՆ ռեժիմը տառապում է լուրջ քաղաքական, քաղաքացիական եւ բարոյական շեղումներով: Դրա մասին խոսում են իրենց իսկ վերլուծաբանները: Այդ ռեժիմը երկար գոյություն չի ունենա»,- ասել է նա:
Ընդգծելով երկրի տնտեսությունը խթանելու ներքին հնարավորությունների վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը` Խամենեին նշել է, որ տնտեսությունը չպետք է կապված լինի այլ երկրի զարգացման հետ, եւ լուծումներ չպետք է երկրից դուրս փնտրել: