ԱՄՆ Միջին Արեւմուտքի եւ Հարավի նահանգներում համընդհանուր ընտրություններում քվեարկությունը սկսվել է
Երեքշաբթի համընդհանուր ընտրություններում քվեարկությունը սկսվել է ԱՄՆ Միջին Արեւմուտքի եւ Հարավի նահանգների ընտրական տեղամասերում։
Ընտրական տեղամասերը տեղական ժամանակով 06:00-ին բացվել են հետեւհալ նահանգներում՝ Իլինոյսում, որտեղ պայքար է ծավալվելու ընտրողների կոլեգիայի անդամների 20 ձայների համար, Միսուրիում (10 ընտրող), Լուիզիանայում (8)։ Մեկ ժամվա ընթացքում քվեարկությունը սկսվելու է այս տարածաշրջանի մյուս նահանգներում, այդ թվում՝ Տեխասում (38 ընտրող), Մինեսոտայում (10), Վիսքոնսինում (10), Միսիսիպիում (6)։ ԱՄՆ այս հատվածում վերջինը կբացվեն Նեբրասկա նահանգի արեւելյան մասի ընտրական տեղամասերը (5 ընտրող)։
Մինեսոտան եւ Վիսքոնսինը դասվում են, այսպես կոչված, տատանվող նահանգների թվին, եւ այնտեղ, ինչպես սպասվում է, առանձնապես սուր պայքար կծավալվի ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ հանրապետական Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի միջեւ։ Միաժամանակ չափազանց կարեւոր են Տեխաս հարավային նահանգում ընտրությունների արդյունքները, որի բնակիչները 1976 թվականից նախապատվությունը տվել են հանրապետականներին։ Ինդիանայում (ընտրողների 11 ձայն) նույնպես ընտրողները սովորաբար քվեարկում են հանրապետականների օգտին, իսկ Իլինոյսում՝ դեմոկրատների օգտին։