«Իսրայելին առաջարկում եմ այդ օգնությունն ուղղել վարձկաններին և ահաբեկիչներին». Փաշինյանը The JPost-ին հարցազրույցում կտրուկ է արձագանքել Թել Ավիվի կողմից մարդասիրական օգնության առաջարկին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցում Իսրայելին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Ադրբեջանին աջակցելու համար։
Փաշինյանի խոսքով՝ Իսրայելը միավորվել է Թուրքիայի, ահաբեկիչների և Սիրիայից վարձկանների հետ և աջակցում է Ադրբեջանին, որը մտադիր է Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել:
«Կարծում եմ՝ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին. վարձկաններ, իսլամական ահաբեկիչներ և Իսրայելը, ըստ էության, այժմ նրանց կողմն է գրավել։ Այնպես որ, Իսրայելը պետք է մտածի՝ արդյո՞ք դա հարմար դիրքորոշում է իր համար»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը ակտիվորեն օգտագործվում են այս պատերազմում։
Բացի այդ, Փաշինյանը խիստ բացասաբար է արձագանքել Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու Իսրայելի առաջարկին։
«Մարդասիրական օգնություն այն երկրից, որը վարձկաններին զենք է վաճառում, որն օգտագործվում է խաղաղ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու համար։ Ես Իսրայելին առաջարկում եմ այդ օգնությունն ուղղել վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես այդ գործունեության տրամաբանական շարունակություն»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նաև ներկայացրել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին Սիրիայից վարձկանների մասնակցության վերաբերյալ խոսուն վկայություններ, ինչպես նաև գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, ներառյալ՝ Իրանը, մտահոգված են Թուրքիայի գործողություններով: