Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում մեկնարկել են 59-րդ նախագահական ընտրությունները. ինչ պետք է իմանալ ընտրական գործընթացի վերաբերյալ
2020 նոյեմբերի երեքին ԱՄՆ-ում տեղի կունենան երկրի պատմության մեջ 59-րդ նախագահական ընտրությունները։ Այս իրադարձությանն ընդառաջ ՏԱՍՍ-ը ներկայացրել է երկրի նախագահի ու փոխնախագահի ընտրության կարգը։
Ինչ պահանջներ են ներկայացվում թեկնածուներին
ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի պաշտոնները սահմանված են երկրի սահմանադրությամբ, որն ընդունվել է 1787 թվականին և ուժի մեջ է մտել 1789-ին։ Համաձայն սահմանադրության 2-րդ հոդվածի՝ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի, որը ծնվել է այդ երկրում ու ապրել այնտեղ առնվազն 14 տարի։ Նույն պահանջներն են ներկայացվում նաև փոխնախագահի պաշտոնի հավակնորդներին։ Այս պաշտոնների համար ներկայացված թեկնածուները պետք է նույն քաղաքական կուսակցության ներկայացուցիչ լինեն, սակայն բնակվեն տարբեր նահանգներում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրանք միասին են ներկայանում։
Թեկնածուները
Դեմոկրատական ու Հանրապետական կուսակցությունների (երկրի հիմնական քաղաքական ուժերը) թեկնածուներն ընտրվում են ներկուսակցական նախնական ընտրությունների արդյունքում ու հաստատվում կուսակցությունների համագումարների ժամանակ։
Ընտրական գործընթացը
Ավելի քան երկու դար ԱՄՆ-ում գործում է ընտրությունների անուղղակի երկփուլային ընտրական ընթացակարգ։ Նախ քաղաքացիները քվեարկում են ընտրիչների օգտին, ապա վերջիններս ընտրում են երկրի ղեկավարին։ Հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ ոչ թե ընտրողների, այլ հենց ընտրիչների ձայների մեծամասնությունը։
Ինչպես են ընտրվում ընտրիչները
Համաձայն 1845 թվականին ընդունված Նախագահական ընտրությունների օրվա մասին օրենքի՝ քվեարկությունն անցկացվում է յուրաքանչյուր նահանջ տարվա նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը։ Այդ օրն ԱՄՆ քաղաքացիները գնում են ընտրատեղամասեր նախընտրելի կուսակցությունից ներկայացված ընտրիչների օգտին քվեարկելու համար։ Կուսակցություններն ընտրիչների ցանկեր են ներկայացնում յուրաքանչյուր նահանգում։ Ընդ որում՝ ընտրիչ կարող են դառնալ Կոնգրեսի անդամներն ու պետպաշտոնյաները։ Յուրաքանչյուր նահանգ ներկայացնում է այնքան ընտրիչ, որքան ներկայացուցիչ ունի Կոնգրեսում։
Խնդրահարուց հարցերի լուծումները
Եթե թեկնածուներից որևէ մեկը չի ստացել ընտրիչների ձայների բացարձակ մեծամասնությունը կամ երկու թեկնածու հավասար ձայներ են ստացել, ապա նախագահին ընտրում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատը։ Բացի այդ, ԱՄՆ-ի պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ նախագահ է ընտրվել այն թեկնածուն, որի օգտին ավելի քիչ ընտրող (ոչ ընտրիչ) է քվեարկել։ Այս կերպ 1824 թվականին նախագահ է ընտրվել Ջոն Քուինսի Ադամսը, 1876-ին՝ Ռութերֆորդ Հեյսը (1877-1881 թթ.), 1888-ին՝ Բենջամին Հարիսոնը (1889-1893 թթ.), 2000 թվականին Ջորջ Բուշ կրտսերը, իսկ 2016-ին՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։
Նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանը հաշվվում է ընտրություններին հաջորդող տարվա հունվարի 20-ից։ Այս ամսաթիվը հաստատվել է 1933 թվականին սահմանադրությունում կատարված 20-րդ փոփոխությամբ, իսկ մինչ այդ երդմնակալության արարողությունը տեղի էր ունենում մարտի 4-ին։
Այս փոփոխությամբ նախատեսվում է նաև, որ նորընտիր նախագահի՝ «այս պաշտոնին ներկայացված թեկնածուների պահանջներին չհամապատասխանելու» կամ մինչ երդմնակալության արարողությունը մահվան դեպքում նախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի նորընտիր փոխնախագահը։